ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մենք 2-3 ամսով «թայմաուտ» վերցրինք, որպեսզի իշխանությունները բանակցությունների ժամանակ իրենց ուժեղ զգան»

«Մենք 2-3 ամսով «թայմաուտ» վերցրինք, որպեսզի իշխանությունները բանակցությունների ժամանակ իրենց ուժեղ զգան»
24.07.2009 | 00:00

«ԵՐԵՔ ՀԶՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԷ, ԱՅԼ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ»
Քաղաքական ամռան ամենաթեժ թեման ղարաբաղյան հակամարտության զարգացումներն են, ինչի շուրջ էլ ծավալվում է և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերների ողջ ներկապնակը։ ՈՒշագրավն այն է, որ հայաստանյան ընդդիմությունը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը, այս զարգացումներում ակտիվություն չցուցաբերեց։ Ինչո՞վ է պայմանավորված նման պասիվությունը, հարցրինք ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ։
-Կոնգրեսն արդեն որերորդ անգամ չի խանգարում իշխանություններին` ղարաբաղյան հարցի լուծման ժամանակ կորզելու առավելագույնը։ Ծանր պահերին պետք է թույլ տալ, որ ազատ գործեն, Հայաստանի համար հնարավորինս նպաստավոր դիվիդենդներ քաղեն։ Մենք նույնիսկ 2-3 ամսով «թայմաուտ» վերցրինք, որպեսզի իշխանությունները բանակցությունների ժամանակ իրենց ուժեղ զգան։ Հիմա էլ այդ փուլում ենք։ Հայաստանի շահը շատ ավելի գերակա է, քան իշխանության լինել-չլինելու հարցը։ Այս առումով մենք չենք խանգարել ղարաբաղյան բանակցությունների ընթացքին։ Չնայած, միևնույն է, որքան էլ խանգարես-չխանգարես, իշխանություններն օրթոդոքս կերպով հարցը կորուստների, զիջումների անարժանապատիվ ճանապարհով են տանում։ Հանդիպումից հանդիպում թուլացել են այն երկրների համակրանքն ու աջակցությունը, որոնք զբաղվում են ղարաբաղյան հարցով։ Հիմա Հայաստանին առաջարկում են պայմաններ, որոնք այնքան վատն են, որ իշխանությունները, դա գիտակցելով, անգամ տեղեկատվական սպրդումներ չեն անում, որ հասարակությունն իրականությունը որոշակիորեն իմանա, ինչպես Ադրբեջանն է անում։ Նրանց արտգործնախարարը նույնիսկ մանրամասներ է հայտարարում բանակցությունների մասին, իսկ հայաստանյան իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն ասում, այլև հերքում են այդ ամենը։ Այսինքն, ստացվում է, որ նրանք 4-5 ժամ խոսել են էրեխեքից, ընտանիքից, թոռներից։ Սա անբարոյականության մի նոր դրսևորում է` անընդհատ խաբել։ Սա որքան էլ տհաճ, բայց նաև օրինաչափ վիճակ է, քանի որ այս ամենն օդից չի ընկել, այն հասունացել, եփվել է տարիներ շարունակ։
-Կարծում եք` այսօ՞ր էլ նպատակ կա բանակցությունները ձգձգել` պահպանելով ստատուս քվոն։
-Ձգձգելը տակտիկական քայլ է, որովհետև այն փաստաթուղթը, որն այսօր մեզ առաջարկում են ստորագրել, չեն հանդուրժի ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն։ Ձգձգելու գործում կա նաև Ռուսաստանի աջակցությունը, քանի որ հարցի կարգավորման դեպքում Ռուսաստանի լծակները տարածաշրջանում կտրուկ թուլանալու են։ Հայաստանի իշխանությունների պարագայում ձգձգումն ավելի շատ պայմանավորված է սեփական իշխանության պահպանմամբ։ Իրենց աթոռին մնալու խնդիր ունեն։ Սակայն երեք հզոր երկրների ղեկավարների հայտարարությունը սոսկ փաստաթուղթ չէ, այլ հարցի լուծման նրանց վերաբերմունքը, ուստի այդ կոչը երկար արհամարհված չի կարող լինել։ Այդ երկրներն ունեն միջոց, հնարավորություն և ազդեցություն` իրենց ստորագրած փաստաթուղթը գործի դնելու կամ իրականացնելու համար։ Այնպես որ, հաշված ամիսներ են մնացել, որ Հայաստանը կանգնի փաստի առաջ։
-Մոսկովյան հանդիպումից հետո բանակցություններում մինչև աշուն դադար հայտարարվեց։ Սակայն օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել առ այն, որ հուլիսի վերջին պատրաստելու են մադրիդյան նոր սկզբունքներ։ Ասել է, բոլորովին էլ անարդյո՞ւնք չէր հանդիպումը, ինչպես նշում էին։
-Մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, ավելի գլոբալ կդիտարկեմ հարցը։ Երեք երկրների ղեկավարների հայտարարությունը շատ լուրջ հարված էր, որը որոշեց այն շրջանակը, ինչից դուրս գալ չեն կարող։ Հիմա որքան էլ փորձեն բանակցել, խոսել, ավելացնել-պակասեցնել, ամեն ինչ տեղի է ունենալու հենց այդ շրջանակի ներսում։ Շրջանակը շատ կոշտ է, ու դուրս գալ հնարավոր չէ։ Մեկ ժամկետ մի քիչ այս կողմ կամ այն կողմ, քայլերի հերթական փոփոխություն և այլն, չի նշանակում, որ նոր կարգավիճակ, նոր իրավիճակ է ստեղծվել։ Խնդիրը որոշված է ու որոշված է բոլորի համաձայնությամբ։ Մերոնք ինչքան էլ մեյմունություն անեն, ընդդիմադիրներ սարքեն, որ հայտարարություններ անեն, չի նշանակում, որ համաձայն չեն։ Վերջին հաշվով, տարիների համաձայնության արդյունքում է այս փաստաթուղթը ձևավորվել, այսինքն` փաստաթուղթը հայաստանյան իշխանությունների աշխատանքի վաստակն է։ Վերջիններս ոչ թե ցանկացել են նման փաստաթուղթ ունենալ, այլ չեն կարողացել դրան ընդդիմանալ, քանի որ լեգիտիմության խնդիր ունեն։ Թող ների ընթերցողը, բայց Հայաստանի իշխանություններն այսօր նման են աղքատ, անբարոյական կնոջ, որը ստիպված ենթարկվելու է պատվիրատուին, որովհետև չունի այլ հնարավորություն։ Կարող է բողոքել հարևաններին իր հետ կոպիտ վարվելու համար, բայց, միևնույն է, ինքը ենթակա է և դիմադրել չի կարող։ Թույլ դիմադրողականության հաշվին է, որ Հայաստանին ինչ առաջարկում են, չի կարող մերժել։ Միջազգային հանրությունը շատ լավ գիտի, որ չի կարելի սեղմել, անկյուն մտցնել այն իշխանություններին, որոնք ունեն սեփական ժողովրդի աջակցությունը։ Իսկ ահա այստեղ մեր իշխանությունները շատ խոցելի են։
-Ինչքա՞ն կամ մինչև ո՞ր պահը կարող է կոնգրեսը «չխանգարել» իշխանություններին։
-Մեր մոտեցումն այսպիսին է. եթե ուզում ենք Հայաստանն ուժեղ, ժողովրդավար լինի, Ղարաբաղի կարգավորումը լավ հանգրվանի հասնի, ապա Հայաստանում պետք է ունենալ նորմալ իշխանություններ, այսինքն` գործողի հրաժարական և նոր ընտրություններ։ Սրա մեջ էլ ընդգրկվում են բոլոր մնացյալ հարցերը` սկսած Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից մինչև ժողովրդավարության վերականգնում։ Ասել է` արտահերթ ընտրությունների անցկացում, որը միջոց է մյուս բոլոր խնդիրները լուծելու համար։ ՈՒզում են լինել ուժեղ, պետք է արդար ընտրված լինեն։
-Փաստորեն, ՀԱԿ-ում ներգրավված բոլոր ուժերի առաջնային նպատակը սահմանադրական կարգի հաստատումն է, իսկ մյուս հարցերը երկրորդակա՞ն են։
-Ոչ թե երկրորդական, այլ բոլորը կարող են լինել հեշտ լուծելի, եթե գործող նախագահը, խորհրդարանն օրինական են, գրագետ և ընդունելի ներքին ու արտաքին հանրության համար։ Բոլոր խնդիրների լուծումը տեսնում ենք օրինական իշխանություններ ձևավորելու ճանապարհով։
-ՈՒ այս նպատակի իրականացմանը չի՞ խանգարում, որ ՀԱԿ-ի ներսում հենց արտաքին քաղաքականության, մասնավորապես Ղարաբաղի հարցում տարակարծություններ կան։
-Այսօրվա իրավիճակի հետ չկապելով` պետք է նշել, որ ժամանակը տարածաշրջանի հարցերին, ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ Հայաստանի օգտին չի խոսել ու չի խոսում։ Գոնե վերջին տասը տարիների ընթացքում, այս առումով, մենք պարտված ենք դուրս եկել։ Այս ամենի համար, իհարկե, իշխանություններին կարելի է ներկայացնել և՛ արդար, և՛ անարդար մեղադրանքներ։ Արդար, որովհետև դրանք ձեռք են բերվել իշխանությունների ապաշնորհության պատճառով, իսկ անարդար, քանի որ առկա են նավթի, տնտեսական, շրջափակման և այլ գործոններ, որոնք մեզ խեղճացրել են, թուլացրել։ Իշխանությունը մեղադրվում է նաև նրա համար, որ սեփական ռեսուրսները ճիշտ չի օգտագործել։ Խելոք գործելու դեպքում «Նաբուկոն» էլ Հայաստանով կանցներ, Բաքու-Ջեյհանն էլ և այլն, և այլն։ Ապուշի նման Հայաստանի ամբողջ սեփականությունը չէինք տա մի երկրի, հետո էլ գնալ և այդ երկրում դառնալ «Սիստեմա» ընկերության տնօրենը, ինչպես արեց Ռոբերտ Քոչարյանը։ Սա այլ կերպ, քան դավաճանություն, չես կարող անվանել։ Իսկ ինչ վերաբերում է կոնգրեսում առկա տարբեր մոտեցումներին, բնականաբար, այդպիսիք կան, հատկապես մեթոդների առումով, այսինքն` ինչպիսի արագությամբ գործընթացները կազմակերպել։ Կան բավականին ագրեսիվ ծայրահեղականներից մինչև հանգիստ, փափուկ, տևական գործընթացների կողմնակիցներ։ Սա բնական է։ ՀԱԿ-ի կենսունակությունը հենց նրանում է, որ հանրության մեջ գոյություն ունեցող բոլոր տեսակետներն այնտեղ կան։
-Աշնանը հասարակությունն ի՞նչ կարող է սպասել կոնգրեսից։ Հնարավո՞ր են տակտիկական փոփոխություններ։
-Մեր տարածաշրջանում առնվազն չորս-հինգ երկիր կա, որոնք մեզ նման իշխանափոխության խնդիր ունեն, բայց դեռ չեն կարողանում իրագործել։ Շատ երկրներ ձախողվում են արագության պատճառով, արագ սկսում են, արագ մարում։ Մեր շարժումն ուղիղ երկու տարի գոյություն ունի և, ցանկության առումով, իհարկե, չի տարբերվում մյուս երկրների ընդդիմությունից, բայց երկարաժամկետության առումով տարբերվում է։ Համառությունը, կամքի դրսևորումը, երկար պայքարը միջոց ու գրավական են իշխանափոխություն իրականացնելու համար։ Այս գործիքը մենք ունենք։ Երկու տարի ժողովուրդն ամենևին չի հոգնել, չի հիասթափվել, կա և՛ ներհոսք, և՛ արտահոսք։ Իմ հույսը, որ հաղթելու ենք, ժողովրդի համառությունն է, կամքն ու երկար պայքարը։ Մի բան ևս. եթե զգացմունքներդ հիմնավոր են, ապա կարող ես ստեղծագործել։ Արդեն ապացուցվել է, որ մեր զգացմունքներն այդպիսին են, և այդ բազայի վրա էլ, համոզված եմ, կարող ենք ստեղծագործել, հաղթել, իրագործել իշխանափոխություն։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ